среда, 16 февраля 2022 г.


 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համաշխարհային արվեստի նմուշներ, կխոսվի պատկերման մեթոդների մասին: Այնուհետ կներկայացվեն թանգարանի ստեղծագործություններից: Կլինեն նաև գործնական աշխատանքներ:

среда, 13 декабря 2017 г.

2018-ին Արշիլ Գորկու եղերական մահվան 70-ամյա տարելիցն է:

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆ ԿԱՐՈՏԻ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ


Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ,
երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս:
Արշիլ Գորկի
Համաստեղ Հայաստան երթալու է.  այդ հայ հողի ծաղիկներով հորինված երանգապնակն ունեցող թանկագին արվեստագետը պետք չէ ձգել, որ Ամերիկայի գործարաններուն մուխին մեջ դժգունի. Հայաստան է իր տեղը
Արշակ Չոպանյան
Զարմանալի նման են սեփական կամքից անկախ և կամ էլ այլոց հրեշավոր   ցանկությամբ ու ծրագրով աշխարհի տարբեր ծագերում հայտնված հայ արվես­տա­գետ­ների զգացողությունները, զարմանալի անպարագիծ` նրանց կարոտը: Զարմա­նա­լի, բայց թերևս օրինաչափ է այն, որ այդ անպարագիծ իրողությունը մի օր հաստատապես դառնում է արվեստի մեջ դրսևորվող երևույթ: Այսպես, Կարոտի գրականությունը հայ գրի մեջ իր յուրօրինակ տեղն է զբաղեցնում արտահայտած գաղափարներով, հայրենանվեր կարոտի ու երազանքի հաճախ տեսլական դրսևո­րումներով, մանկուրտ չդառնալու պատասխանատվությամբ ու ենթագիտակցական պարտավորվածությամբ: Հայ գրականության այս հատվածը պատշաճ ուսումնա­սիր­ված է և այսօր էլ գրականագետների կողմից ուսումնասիրվում է ըստ հարկի, մինչդեռ բոլորովին այլ է գեղանկարչության դեպքում, որի վերաբերմամբ ասելիք կա, և ուշա­դիր ուսումնասիրողը կարող է շրջանառել §Կարոտի գեղանկարչություն¦ եզրույթը:
Եթե Կարոտի գրականությունը ձևավորվեց 1921-ին Ամերիկայում հրատարակ­ված Համաստեղի §Շեն գյուղի հին օրերեն¦ առաջին պատմվածքով և իր վախճանը գտավ Պոլսում 1978-ին` Հակոբ Մնձուրու մահով, ապա Կարոտի գեղա­նկարչության սկզբնավորումը եղավ նույն Ամերիկայում: Այս երկիրը չէր սիրում, բայց ճակատագրի հրամայականով այստեղ ապրեց ու իր մահկանացուն կնքեց զարմանալի նկարիչը, որ կոչված էր եվրոպական մակարդակի բարձրացնելու ամերիկյան գեղանկար­չու­թյան ձեռքբերումները: Գորկին նկարիչ էր, ու նրա չափազանց զգայուն կյանքում ան­վե­րահսկելի շրջադարձային եղան նկարել չկարողանալը` կապված առողջական վի­ճակի հետ, և ընտանեկան-բարոյական նորմերի խաթարումները: 1948-ին նկարչի ինքնասպանությունը հոգեբանական հասունացման այն աստիճանն է, որից հետո է պարզվում նրա իրական դիմապատկերը. մինչ այդ Արշիլ Գորկի Ոստանիկ Մանուկ Ադոյանը ամերիկյան գեղանկարչության ընդամենը մեկ մասնիկն էր, սակայն արդեն հետո` 1967-ին, ֆրանսիական մամուլում պիտի աներկբա փաստվի, թե հենց նրա շնոր­հիվ ամերիկյան գեղանկարչությունը վերաճեց եվրոպական աստիճանի: Նրան համարում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի նախահայրերից ամերիկյան գեղանկար­չության մեջ, ու նրա արվեստը Ամերիկայում գլխավորել է մոդեռնիզմը` ուղենշելով ամերիկյան կերպարվեստի հետագա զարգացումները, վստահ, որ արվեստի մեջ պիտի գյուտ և ներդաշնություն լինի:
1904-ի ապրիլի 22-ին Խորգոմում Սեդրակ և Շուշան ծնողներից ծնված Ոստանիկը 1915-ին մազապուրծ հասել է Երևան, 1919-ին տեղափոխվել Թիֆլիս, ապա` ԱՄՆ, բախվել առաջին խոչընդոտներին, թե հայն Ամերիկայում չի կարող նկա­րիչ դառնալ, ապա ստիպված ապրել է` իր համար փրկօղակ կեղծ անցյալ ստեղ­ծելով, 1926-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը, որտեղ դա­սա­վանդել է 5 տարի: Սկզբնական շրջանում, ինչպես հայտնի է, Գորկին կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասոյի արվեստների ազդեցությունը, բայց կարողացել է հաղթահարել` ստեղծելով իր ոճն ու դպրոցը: Գորկու վերաբերմամբ հավաստի կարող է լինել Սարոյանի ինքնադիտարկումը. նրա արվեստը հիմքում խորապես ներծծված է ազգային գեղանկարչական ավանդույթով, ազգային մտածողության առանձնահատ­կու­թյուններով:
Ազգային ռոմանտիզմի ու ռեալիզմի, աբստրահարված վրձնահարվածների մեջ կարելի է կարդալ և կամ էլ վերապրել զգայական այն հզոր ու հարուստ աշխարհը, որը կարող է ամբողջացվել թերևս միայն և միայն կարոտ բնորոշումով:
Բազմիցս անդրադարձ է արվել Արշիլ Գորկու արվեստին, մասնավորաբար` խնդրո առարկա հարցի շրջանակում խոսվել է §Նկարիչը և իր մայրը¦ երկու կտավ­ների մասին: Ուսումնասիրողներն անդրադարձել են այն փաստին, որ Գորկին մոր ձեռքերը չի նկարել, և բերել են տարբեր ենթադրություններ ու պատճառաբա­նու­թյուն­ներ: Կարոտի մեկնակետից եթե դիտելու լինենք նշված կտավները, պարզապես կա­րող ենք փաստել, որ թերևս ճշմարիտ է արվեստաբանների այն դիտարկումը, թե չի կարողացել հաղորդել մոր ձեռքերի ջերմությունը (կարծիք կա նաև, որ չի կարողացել ստեղծել տվյալ հատվածի կառուցվածքային ամբողջականությունը, որի հետ միար­ժե­քորեն համամիտ չենք): Այստեղ հոգեբանական լուրջ խնդիր կա: Ձեռքերը հոգե­բանական տարողություն են կրում իրենց մեջ: Ձեռքերը տրամադրության հաղորդիչ են ուղղակի կամ անուղղակի դրսևորումներով ու լուծումներով: Գորկին չի պատ­կե­րում մոր ձեռքերը. այլ կերպ ասած` նա չի գնում մորից հաղորդվող ջերմության և կամ էլ, որ ավելի հավանական է, ցավի մասնավորեցման, և դրամատիկ ապրումը դառ­նում է ընդհանրական ապրում. մասնավորեցվող ցավն ընդամենը անհատի դրամա է, մինչդեռ պատկերված իրողությունը գեղարվեստական վավերագրումն է ցեղասպանություն երևույթի, գույնի ու ձևի պայմանականությամբ ստեղծված այն ցավն է, որի դեմ §Աստված գլխարկ է հանում¦ (Ռազմիկ Պողոսյան): Գորկու արարած Շուշան մոր կերպարը հայ երկրի համար մտահոգ բոլոր մայրերի քույր-երկվորյակն է: Մոր դեմքին զարմանալի հանդարտություն կա, և սա կարելի է կարդալ նաև որպես աստվածահաճո և կամ էլ աստվածավայել ներումի դրսևորում: Պատահական չէ, որ այս կտավը համեմատվել է Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Աստվածամոր որմնա­նկարի հետ:
Ցավի մասնավորեցման չի գնում նաև Համաստեղը§Գանկի մը հետ¦ պատմ­վածքում: Եվ երևույթի անկողմնակալ պատկերումը դառնում է ժամանակի ու միջա­վայրի սթափ (որքան էլ անհնար է) գնահատման ու արժևորման չափանիշ:
Մի առիթով Գորկին նշել է. §Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծի­րան­­ների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ կարծես ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավ­քելու¦: Սա կարոտի առարկայացած դրսևորում է: Ուժգին է զգայական դաշտի լարվածությունը, և վստահաբար հենց այդ պատճառով է հայրենի երկրի խորհրդանիշ ծիրանը զարմանալի անուշ բուրում արևմտյան քաղաքակրթության §գործարան­ներուն մուխին մեջ¦:
Եթե Համաստեղի վերաբերմամբ Չոպանյանն ասում էր, թե այդ §հայ հողի ծաղիկներով հորինված երանգապնակն ունեցող թանկագին արվեստագետը պետք չէ ձգել, որ Ամերիկայի գործարաններուն մուխին մեջ դժգունի¦, ապա Արշիլ Գորկու վերաբերմամբ այսօրինակ դիտար­կում­ներն անգամ ուշացած կարող են թվալ. Ամերիկան մինչև վերջին նյարդը քամեց ար­վես­տագետին:
Համաստեղն իր եզակի ու տաք աշխարհն էր ստեղծել Ամերիկայում` իր Խար­բերդի, իր Փերչենճի մի կտորը, Գորկին ամբողջ կյանքում մենակության կրողը մնաց անգամ ընկերների ու հարազատների միջավայրում. ընկերները նախանձում էին նրա փառքին, շատերը թիկունք էին դարձնում, ու ինքն էլ կարոտ էր աշխարհում ամե­նահարազատ մարդկանց` դուստրերի հետ անհրաժեշտ շփումին: Կարո՞ղ է արա­րել ամբողջ կյանքում միայնություն զգացող մարդը, արվեստագետը, կարո՞ղ է ստեղ­ծել ժամանակների հիշողության մեջ իրենց հաստատուն տեղն ունեցող գործերԳորկու վերաբերմամբ վստահաբար կարող ենք փաստել` այո, որովհետև նրա համար ոգեշնչումի ազնիվ ակունք էին հեռվում մնացած երկրից բերած հուշերը` բնությունն ու պատմական կոթողները, ժողովրդի մեջ ամրագրված սովորույթները, Վանի այգի­ներն ու ալիքները, ժողովրդի պատմական ու գենետիկական հիշողությունը, որոնք անդավաճան եղան մնացյալ ամբողջ կյանքի համար: Կարոտեց ու արարեց` կտավին ու հաջորդող ժամանակին հանձնելով իր ներաշխարհի տարողությունը: Անգամ ենթադրել չէր կարող, որ հոգուց պոկված աշխատանքների մի մասը Քոնեքթիքուտի իր արվեստանոցում մոխրանալու ճակատագրին է արժանանալու, մյուս մասը են­թարկ­վելու է ավիաաղետի` նաև այդպես մնալով ժամանակի հիշողության մեջ: Արշիլ Գորկին ստեղծագործեց նաև դրանից հետո. կարոտը լռեցնել հնարավոր չէ: Իսկ գու­ցե մանկուց նա արդեն դիմադրողականությո՞ւն ուներ, գուցե հենց հայրենի բնաշ­խա՞րհն էր նրա մեջ ձևավորել չընկրկող բնավորությունը. երեխա ժամանակ փայ­տիկով նկարել էր Վանի ավազների վրա, ու հետոհետո ալիքը տարել էր հոգու մի կտորը
Նրա կտավների վերնագրերն արդեն իսկ Կարոտի գեղանկարչության արտա­հայ­տություն են§Այգիներ Խորգոմում¦ (1938, այժմ կտավը կրում է §Այգիներ Սոչիում¦ վերնագիրը), §Ծաղ­կավետ ջրաղացի ջրերը¦ (1944), §Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում¦ (1944), §Արորը և երգը¦ (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար, 1944-1947), այլ: Նրա կտավները ցուցադրելու պատիվն ունեն աշխարհի շատ թանգա­րան­ներ: Մեր հիշած §Նկարիչը և իր մայրը¦ կտավի առաջին տարբերակն այժմ գտնվում է Նյու Յորքի Ուիթնի թանգարանում. թվագրվում է 1926-1936 թ.թ.: Երկրորդ տարբե­րակը, որտեղ պատկերված կերպարներն ավելի հասուն են, թվագրվում է 1926-1942 թ.թ. և գտնվում է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում:
Այս աշխատանքներն իրարից մի քանի դետալներով են տարբերվում ընդա­մենը, և մեր գնահատմամբ` տղայի կերպարը ժամանակի մեջ շտկել է կարողացել մեջ­քը, ուղղել ոտքերը: Եթե հիշում ենք, Գորկին Հայաստան պիտի վերադառնար, երբ ամուր կանգնած լիներ ոտքերի վրա. և սա, անշուշտ, ընկալվել կարող է երկու իմաս­տով 
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Վանաձորի կերպարվեստի թանգարանի գիտաշխատող


 Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեկնարկել է «Տարվա եղանակներ» խորագրով կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր եղանակային ամիսների կներկայացվեն համ...